Հուլիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը ընդունեցին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Տկն. Պետրոսյանը եւ պրն. Նիկոյանը շնորհավորեցին իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձան Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը:
ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պրն Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում կարեւորեց նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին: